Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդարձակ ելույթ է ունեցել բրեկզիտից հետո Եվրամիության հետ համագործակցության հեռանկարների մասին: Նա վստահ է, որ հնարավոր է համաձայնեցնել երկու կողմերի համար ընդունելի պայմաններ, բայց ոչ ոք չի ստանա իր ամբողջ ցանկացածը: Վարչապետը ձևակերպել է հիմնական սկզբունքները, որոնցով ղեկավարվելու է Բրիտանիայի կառավարությունը` ԵՄ-ի հետ հաջողությամբ համագործակցելու համար բրեկզիտից հետո` մի կողմից, մյուս կողմից` միավորելու համար սեփական երկիրը: Մեյի խոսքով` հրաժարվելով պարտավորություններից, որ ստանձնում են ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան չի կարող այն առավելություններն ունենալ, որ ուներ ԵՄ-ում: Արդյունքում` երկու կողմերն էլ «պիտի հաշտվեն կոշտ իրականության հետ»:
«Մենք կլքենք միասնական շուկան ու կյանքը կփոխվի»` հայտարարել է վարչապետը` նշելով, որ Բրիտանիայի ու ԵՄ-ի մուտքը միմյանց շուկաներ կդառնա առավել սահմանափակ, իսկ Բրիտանիան ստիպված կլինի ԵՄ որոշ կազմակերպություններում անդամավճար վճարել: Մեյն ընդունել է, որ Բրիտանիայում բրեկզիտից հետո գործելու են եվրոպական որոշ օրենքներ և Եվրադատարանի որոշումներ, օրինակ` օրինակա՞ն են ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները: Վարչապետը պնդում է, որ այդ դատարանից Բրիտանիան հեշտությամբ դուրս կգա: Նա չի բացառում տարբերակը, որ իշխանությունները կպահպանեն հակամոնոպոլ օրենսդրությունը և ձեռնարկություններին պետական աջակցության օրենքները այնպես, ինչպես հարմար է ԵՄ-ին: Դրա շնորհիվ Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ շուկա մուտք ունենալ ավելի շահավետ պայմաններում:
Բրյուսելի համար հնարավոր տհաճ փաստ է Բրիտանիայի պահանջը` մշակել իր համար առանձնահատուկ առևտրական համաձայնագիր ԵՄ-ի հետ, ոչ թե հիմք ընդունել այլ երկրների հետ գործող համաձայնագրերից որևէ մեկը:
Ի՞նչ է ուզում Բրիտանիան: Բժշկության, քիմիական ու ավիացիոն ոլորտների կազմակերպություններում սահմանափակ անդամություն` այդ կազմակերպությունների պայմաններով և խելամիտ ծավալներով անդամավճարով: Խորհրդարանն իրեն է վերապահում նշված ոլորտներում սեփական կանոնները մտցնելու իրավունքը, բայց հաշվի է առնելու փաստը, որ այդ փոփոխությունները կարող են խանգարել եվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Շարունակել համագործակցությունը ԵՄ ծրագրերի հետ գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում, սերտ կապեր պահպանել Եվրաատոմի հետ:
Եվրադատարանի փոխարեն, որ հիմա լուծում է առևտրական վեճերը, ստեղծել արբիտրաժային դատարանների անկախ մեխանիզմ: Հեռարձակման կանոնների փոխադարձ ճանաչում, որը բրիտանական հեռուստաալիքներին թույլ կտա շարունակել հաղորդումները Եվրոպայում: Բրիտանիայի նորմատիվ ստանդարտների պահպանում ԵՄ-ի հետ նույն մակարդակում` անընդմեջ առևտրի ապահովման համար` նույնիսկ եթե Բրիտանիայի ու ԵՄ օրենքները նույնական չեն լինի, կիրառման արդյունքները պետք է նույնական լինեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է անում մշակել ազատ առևտրի համաձայնագիր, որ ծածկում է տնտեսության գործնականում բոլոր ճյուղերը, այսինքն` փաստաթուղթը, որ նա պահանջում է, ավելի ընդգրկուն կլինի, քան առևտրական համաձայնագիրը, որ ժամանակին կնքել են ԵՄ-ն ու Կանադան: Միևնույն ժամանակ` Մեյը նշում է, որ իր երկիրը համաձայն չի լինի այնպիսի համաձայնագրի, որ ԵՄ-ն կնքել է Նորվեգիայի հետ, որ Եվրոպական տնտեսական գոտու անդամ է: «Մենք պետք է գտնենք հավասարակշռված տարբերակ` մենք չենք ընդունի պայմանները, որ կան Կանադայի դեպքում և պարտավորությունները, որ կան Նորվեգիայի դեպքում»` ասել է Մեյը:
Ի՞նչ կլինի Իռլանդիայի սահմանի հետ: Փետրվարին ԵՄ-ն առաջարկեց բրեկզիտից հետո ստեղծել ընդհանուր իրավական գոտի Իռլանդիա կղզու հետ: Այսինքն` փաստացի Հյուսիսային Իռլանդիան թողնել ԵՄ-ի Մաքսային միությունում, այլ ոչ թե Բրիտանիայի հետ, եթե այլ լուծումներ չգտնվեն: Թերեզա Մեյը պատասխանեց միանշանակ. «Բրիտանացի ոչ մի վարչապետ երբեք դրան չի համաձայնի»: Եվ հավելեց, որ այդ առաջարկը սպառնում է Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությանը: Մեյը նաև ընդունեց, որ Իռլանդիայի հետ կոշտ սահմանը նույնպես անընդունելի է, ինչպես սահմաններ ստեղծելը Հյուսիսային Իռլանդիայի ու Բրիտանիայի մնացած տարածքի միջև: Մեյի խոսքով` Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ը պետք է այդ հարցը համատեղ լուծեն: Օրինակ` Հյուսիսային Իռլանդիաի շրջանում ստեղծեն գոտի, որտեղ Բրիտանիան ամբողջ աշխարհի ապրանքներին կարող էր ներկայացնել նույն պահանջները, ինչ ԵՄ-ն, կամ ստորագրել լողացող մաքսային համաձայնագիր, որը նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ կօգնի խուսափել սահմանին լրացուցիչ ստուգումներից:
ВВС
Հ.Գ. Ինքներդ եք հասկանում, թե հետայսու Մեծ Բրիտանիան ինչքան կարևոր երկիր է մեզ համար: Հայաստանին նախագահ վերադարձրած երկրի ու ԵՄ-ի խնդիրները, որքան էլ տարօրինակ է, նման են Հայաստանին: Նրանք պայմանավորվում են ինչպես հեռանալ ԵՄ-ից, մենք` ինչպես մոտենալ: Հայաստանը, իհարկե, Մեծ Բրիտանիա չէ, բայց ԵՄ-ն է ԵՄ` սկզբունքները նույնն են ու նույնն են պահանջները: ՈՒրեմն` մանրամասն ուսումնասիրեք Մեծ Բրիտանիայի հեռանալու պատմությունը` ԵՄ-ին մոտենալու համար: Ավելի արագ ու ավելի շահավետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ